ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ–ն կվերակազմակերպվի՝ միանալով «Հայփոստ» ՓԲԸ–ին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Հաշվի առնելով «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրոյի» և «Հայփոստի» գործունեության նպատակներն ու խնդիրները՝ ընկերությունների միացումը թույլ կտա ապահովել վերջիններիս ռեսուրսների (նյութական, գիտական և աշխատանքային) արդյունավետության բարձրացումը»,– ասված է որոշման հմնավորման մեջ:
Ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն:
Նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի կառուցման դեպքում կանխատեսվում է, որ 2025–2030 թթ. ընթացքում «Հայփոստի» փոստային եկամուտը շարունակաբար կաճի 39.3 %–ով կամ 2,5. մլրդ դրամով, իսկ համախառն շահույթը (EBITDA-ն) կաճի 28.96 %–ով կամ 1,5. մլրդ դրամով:
Արդյունքում ակնկալվում է, որ Էականորեն կկրճատվեն նաև աշխատավարձային և կոմունալ ծախսերը՝ 2025–2030 թթ. կազմելով 304,7 մլն դրամ:
Նշվում է, որ կենտրոնի կառուցմամբ նախատեսվում է ներդնել նորարարական ավտոմատացված տեսակավորման համակարգեր, ինչը թույլ կտա բարելավել հաճախորդների սպասարկումը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: