ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով այսօրվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել, քաղաքի բժշկական հաստատությունների աշխատանքը սպառնալիքի տակ է վառելիքի մատակարարումների հետաձգման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ անցած օրվա ընթացքում (սեպտեմբերի 23-ին) Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 պաղեստինցիների մարմիններ և 175 վիրավոր:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից մինչ օրս Գազայի հատվածում սպանվել է 65 419 մարդ, վիրավորվել է ավելի քան 167 հազար պաղեստինցի։
Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: