Սյունիքի օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը. պաշտոնական

Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի այս տարեվերջին՝ օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ «Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել օդանավակայանի մամուլի ծառայությունը՝ արձագանքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկություններին։
«Հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների՝ օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։
Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Կապան-Երևան չվերթը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռը պլանային տեխսպասարկման է մեկնել։
Օդանավակայանից տեղեկացնում են, որ չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։