Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին

Մինչ այդ` իր տեսաուղերձում Ավագյանը հայտարարել էր, որ եկել է հյուպատոսություն, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մահացած են գտել ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։
Ռուսական Mash հեռուստաալիքի փոխանցմամբ` Բորիս Ավագյանը, որը նախօրեին փախել էր դատարանի դահլիճից, որտեղ նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվեր ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով, հյուպատոսության շենքում մահացած են գտել:
Մինչ այդ իր տեսաուղերձում Ավագյանը հայտարարել էր, որ եկել է հյուպատոսություն, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան: Նա դժգոհություն էր հայտնել, որ հյուպատոսությունը չի ցանկանում ընթացք տալ գործընթացին։
ՀՀ ԱԳՆ-ից և հյուպատոսությունից Sputnik Արմենիային մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել։
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում։
Նշենք, որ Ավագյանը 2021 թվականին ներգրավված է եղել սկանդալի մեջ` Ռուսաստանում մաքսատուրքերի չվճարմամբ և ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Ավագյանը դեռ 2023 թ. վերջից գտնվում էր Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Նա սկանդալային տեղեկություններ էր հայտնել. խոստովանել էր, որ աջակցել է մի խումբ անձանց` խուսափել մաքսատուրք վճարելուց: Ավագյանի խոսքով` այդ խումբը կազմված է եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին իրեն էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար։
Հիշեցնենք նաև` Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։