ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը կանխատեսում է, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Մենք կանխատեսում ենք, որ լրացուցիչ դատալսումների ժամանակ մեղադրող կողմն ազատազրկման հետ կապված պատիժ է միջնորդելու։ Դատարանն էլ այնպիսի չափով է տալու, որ Միքայել սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Եթե մարդը կոչ չի արել, բայց ասում են՝ արել ես քրեորեն արգելված կոչ․․․ Կոչն անում են կա՛մ ներկայով, կա՛մ ապագայով, չես կարող կոչն անցյալով անել, իսկ սրբազանը խոսել է անցյալի մասին»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից։
«Դատավորը երբ սկսեց խոսել իր երերուն ձայնով, ակնհայտ էր, որ այդ մեղադրական վերդիկտն է կայացնելու»,- նշեց Զոհրաբյանը։
Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։
Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիռ։ Պաշտպանները բողոքարկելու են այն։
Այսօր ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչեց։
Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։
Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։