ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի դերասանուհի, համաշխարհային լեգենդ Կլաուդիա Կարդինալեն։ Նա մահացել է Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքի իր տանը, 87 տարեկանում։ Այս մասին այսօր հայտնել է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
Կլաուդիա Կարդինալեն «Մայրիկ» ֆիլմում
© Photo
Հայ հեռուստադիտողը միշտ կհիշի Կարդինալեին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ճակատագրի մասին Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Արաքսի Զաքարյանի դերն է մարմնավորել։
2010 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Կարդինալեն այցելել է Հայաստան։ Փառատոնն այդ տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 95 և Վեռնոյի 90-ամյակներին։
Հայ լրագրողների հետ զրույցում Կլաուդիան խոստովանել է, որ «Մայրիկ» ֆիլմից հետո երազում էր այցելել Հայաստան։
«Հայոց ցեղասպանության մասին գիտեի դեռ «Մայրիկ» ֆիլմում մոր դերը մարմնավորելուց շատ առաջ։ Սակայն նկարահանումներին նախապատրաստվելիս փորձեցի իմանալ ավելին՝ նյութեր կարդալով հայ ժողովրդի համար այդ սարսափելի ողբերգության մասին», – ասել է նա։
«Մայրիկ» ֆիլմը
© Photo
Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի Կլաուդիա Կարդինալեն (ամբողջական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե - խմբ.), ծնվել է 1938 թվականին։ Կլաուդիան առաջին անգամ կինոյում իր ուժերը փորձել է 14 տարեկանում՝ Թունիսի մասին ֆիլմում էպիզոդիկ դեր խաղալով։
Կարդինալեն նկարահանվել է հայտնի իտալացի ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի և Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերում։ Աշխատել է այնպիսի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Մարչելլո Մաստրոյանին և շատ ուրիշներ։