ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Որպեսզի Ռուսաստանը շարունակի պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրով սահմանված քանակական սահմանափակումները, ԱՄՆ–ի համապատասխան դիրքորոշում է անհրաժեշտ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո Մոսկվան պատրաստ է մեկ տարի շարունակել պահպանել ՌՀՍԿՊ-ի սահմանափակումները։ Նրա խոսքով՝ դա արդյունք կտա, եթե ԱՄՆ–ն փոխադարձաբար արձագանքի։
«Դա շատ բարդ հարց է, և, իհարկե, այն համալիր մոտեցում է պահանջում։ Այս պայմաններում Ռուսաստանը պատրաստ կլինի ևս մեկ տարի պահպանել քանակական սահմանափակումները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ–ն համապատասխան դիրքորոշում և համապատասխան որոշում կայացնի», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի ժամկետի լրանալու մասին՝ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ նման փաստաթղթերի բացակայությունը լի է լուրջ վտանգներով։
«Մենք իսկապես գտնվում ենք այնպիսի իրավիճակի շեմին, երբ կարող ենք մնալ առանց կայունությունն ու անվտանգությունը կարգավորող որևէ երկկողմ փաստաթղթի, ինչը, իհարկե, լի է մեծ վտանգներով ամբողջ աշխարհում տիրող գլոբալ իրավիճակի տեսանկյունից։ Սա բազմիցս նշվել է, բայց որևէ առարկայական քննարկում չի եղել», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մեկ տարի պահպանել պայմանագրով սահմանված քանակական սահմանափակումները, սակայն դա ԱՄՆ-ի կողմից հայելային դիրքորոշում է պահանջում։ Եթե դա տեղի չունենա, ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։ Նրա խոսքով՝ նախքան քննարկմանը վերադառնալը պետք է հասկանալ, թե ինչի են հավակնում այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես հաշվի առնել նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր հարվածային ներուժը: Պայմանագրին ՌԴ-ի մասնակցության դադարեցման մասին պաշտոնական նոտան ԱՄՆ-ին փոխանցվել է փետրվարի 28-ին:
2023-ի հունիսի սկզբին, որպես հակաքայլ, Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցնում է իր ռազմավարական սպառազինության կարգավիճակի և գտնվելու վայրի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղեկատվության փոխանցումը, ինչը նախատեսված է պայմանագրով, ապա հետ է կանչել պայմանագրի շրջանակներում ստուգումներ անցկացնելու համար ՌԴ մասնագետներին տրված վիզաները և հայտարարել նորերը չտրամադրելու մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ-ին հեռաչափական տեղեկատվության տրամադրման դադարեցման մասին, որը վերաբերում է ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, ինչպես նաև սուզանավերից բալիստիկ հրթիռների արձակմանը: