ՊԵԿ նախկին նախագահին Սամվել Կարապետյանի խցից տեղափոխել են. փաստաբան

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ` Հարությունյանին և Կարապետյանին միևնույն խցում նստեցրել են քննության համար արժեքավոր տեղեկություններ կորզելու նպատակով՝ հաշվի առնելով նրանց մտերիմ հարաբերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը գործարար–բարերար Սամվել Կարապետյանի հետ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում գրեթե մեկ ամիս նույն խցում է նստած եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց գործարարի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Ֆերոյանի խոսքով` անհասկանալի պատճառներով Վարդան Հարությունյանին հետո տեղափոխել են այլ խուց։
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ` Հարությունյանին և Կարապետյանին միևնույն խցում նստեցրել են քննության համար արժեքավոր տեղեկություններ կորզելու նպատակով՝ հաշվի առնելով նրանց մտերիմ հարաբերությունները:
Խցակիցների խոսակցությունները եղել են բացառապես կենցաղային թեմաներով, ինչը հիասթափեցրել է իրավապահերինն, որից հետո որոշվել է «վերաբնակեցնել» ՊԵԿ նախկին ղեկավարին։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։