ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երեկ ուշ երեկոյան Փարիզի «Շատլե» թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի են դարձել ֆուտբոլային աշխարհի տարվա լավագույնների անունները։
«Ոսկե գնդակի» գլխավոր մրցանակակիր է դարձել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Ի դեպ, սա ֆուդբոլիստի կարիերայում առաջին «Ոսկե գնդակն» է։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին էլ կանանց պայքարում դարձավ լավագույնը։ Նա այս մրցանակին է արժանանում երրորդ անգամ։
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող 18-ամյա Լամին Յամալը, իսկ կանանց մրցապայքարում այս տիտղոսը նվաճել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան 19-ամյա Վիկի Լոպեսը։
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարձավ պատմության մեջ երկրորդ մարզիչը, որը արժանացավ Յոհան Կրոյֆի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին։
«Արսենալի» կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։ Տղամարդկանց անվանակարգում լավագույնը դարձել է «Պարի Սեն-Ժերմենը»՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման 2024/25 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին՝ ճանաչվելով աշխարհի լավագույն դարպասապահ: Կանանց ֆուտբոլում 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Չելսիի» խաղացող Հանա Հեմփթոնը:
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Դիոգու Ժոտային և Դենիս Լոուին: Հուլիսի 3-ին 28-ամյա Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում, իսկ Դենիս Լոուն կյանքից հեռացել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ 84 տարեկանում: