ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան շարունակում է հետ մղել ուկրաինական անօդաչուների հարձակումները, առավոտից ՀՕՊ ուժերն արդեն 4 անօդաչու են խոցել, հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու անօդաչուների հարձակումները... Արտակարգ ծառայությունների մասնագետները աշխատում են բեկորների անկման վայրում», – գրել է Սոբյանինը Telegram–ի իր ալիքում:
Նշենք, որ ՌԴ մայրաքաղաքի վրա զանգվածային հարձակումը սկսվել էր երեկ երեկոյան: Այս ընթացքում արդեն 34 անօդաչու է ոչնչացվել։ «Շերեմետևո» օդանավակայանում մեկնումների և ժամանումների ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել:
Միևնույն ժամանակ, անօդաչուների բեկորները Մոսկվայի մարզում տրանսպորտային միջոցներ են վնասել: Ռեուտովի ղեկավար Ֆիլիպ Նաումենկոն հայտնել է, որ Ստրոիտելի փողոցի մոտակայքում երեկ երեկոյան պայթյունների հետևանքով չորս մեքենա է վնասվել: