ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և դարպասապահների նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին Metaratings.ru-ի հետ զրույցում խոսել է Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո ազգային հավաքականի մարզչական շտաբը լքելու մասին։
«Հուլիսի վերջին խոսակցություններ էին շրջանառվում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին։ Դա շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ Ջոնը հեռացավ թիմից։ Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է։ Զանգից հետո ես արդեն որոշել էի, որ քիչ հավանական է, որ մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում»,– ասել է Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Բերեզովսկին ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատել է հինգ տարի՝ 2020-ից 2025 թվականներին։
Նշենք, որ 46-ամյա Եղիշե Մելիքյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 6-ին: Նրա հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականի նոյեմբեր։ Մելիքյանի նշանակումից հետո հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարեց թիմի երկարամյա ավագ, կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը: