Նորակոչիկների չեն ներգրավի հատուկ ռազմական գործողությանը. ՌԴ ԶՈւ ԳՇ

Ռուսական բանակի 2025 թվականի աշնանային զորակոչը ընթանում է պլանային կարգով և կապված չէ հատուկ ռազմական գործողության անցկացման հետ, նշել է բարձրաստիճան զինվորականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 2025 թվականի աշնանային զորակոչի ժամանակ ռուսական բանակում ծառայելու համար զորակոչված նորակոչիկները չեն ներգրավի ՀՌԳ խնդիրների կատարմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական և զորահավաքային գլխավոր վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։
«Ուզում եմ նշել, որ զորակոչված զինծառայողները չեն ներգրավվի հատուկ ռազմական գործողության խնդիրների կատարմանը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ցիմլյանսկին։
Փոխծովակալը նշել է, որ ռուսական բանակի 2025 թվականի աշնանային զորակոչը ընթանում է պլանային կարգով և կապված չէ հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։
Ցիմլյանսկին զգուշացրել է, որ եթե զորակոչիկը 20 օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չներկայանա, նրա նկատմամբ ժամանակավոր սահմանափակող միջոցներ կկիրառվեն։
«Եթե քաղաքացին 20 օրացուցային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի ներկայանում, «Զինվորական ծառայության և զինվորական պարտավորության մասին» դաշնային օրենքի համաձայն, ժամանակավոր սահմանափակող միջոցներ են կիրառվում` ուղղված նրա ներկայությունն ապահովելուն», – ասել է նա։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով՝ զորակոչիկների առնվազն մեկ երրորդը կտեղաբաշխվի ուսումնական ստորաբաժանումներում և զորամասերում, որտեղ կտիրապետեն ժամանակակից ռազմական տեխնիկային և կստանան զինվորական մասնագիտություն, որի համաձայն՝ ուսուցումն ավարտելուց հետո կուղարկվեն զորքեր։ Միևնույն ժամանակ, կշարունակվի գիտական ​​վաշտերի ձևավորումը։
Նա հավելել է, որ ձևավորվելու են նաև գիտաարտադրական ստորաբաժանումներ, որոնք առաջատար գաղափարներ և առաջընթաց տեխնոլոգիաներ կներդնեն արտադրության մեջ, և սպորտային վաշտեր, որոնցում անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել առավել հեռանկարային և խոստումնալից մարզիկների պատրաստման համար։
Բավարա՞ր է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը. Պուտինը հարց է ուղղել տնտեսության պատասխանատուներին
Աշնանային զորակոչի առանձնահատկությունն այն է, որ այն գործում է մեկ տարի. եթե զորակոչիկը որևէ պատճառով չի ուղարկվում զինվորական ծառայության, նա կուղարկվի ծառայության հաջորդ զորակոչի ժամանակ։
Ցիմլյանսկին վստահեցրել է, որ ռուսաստանցի բոլոր զինվորականները, որոնք ծառայել են ողջ սահմանված ժամկետը, ժամանակին կզորացրվեն և կուղարկվեն իրենց բնակության վայրեր։