ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը բարդ փուլում են։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, AFP գործակալությանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, հայտնել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցով քվեարկության ֆոնին:
«Ակնհայտ է, որ սա բավականին բարդ փուլ է։ Այս պահին մենք շատ բարդ իրավիճակի ենք բախվում»,-նշել է Գրոսին։
Նա հավելել է, որ Նյու Յորքում շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 29–ին, նաև հայտարարել է շաբաթվա ընթացքում ևս մի քանի հանդիպում կլինի։
Ավելի վաղ Իրանը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման դեպքում կչեղարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ սեպտեմբերին ձեռք բերված համաձայնագիրը, որը կողմերի փոխգործակցության շրջանակ է մշակում իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, ինչպես նաև հաշվի է առնում Իրանի ներքին օրենքները, որոնք կապված են ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ անվստահության հետ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչներն արտաքսվել են երկրից։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու պետության որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշել են միջուկային օբյեկտների և ատոմագետ գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված էր ՄԱԳԱՏԷ-ի և Գրոսսիի հասցեին Իրանի քննադատության հետ՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին անգործության համար: