Թել Ավիվը դատարանի միջոցով ճնշում է գործադրում Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա

Պատրիարքարանը հիշեցնում է՝ խնդիրը կարելի է լուծել արտադատական կարգով՝ քրիստոնյա եկեղեցիների հետ երկխոսելու համար իշխանությունների ստեղծած հատուկ կոմիտեի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի իշխանությունները ցանկանում են վերականգնել դատական ճնշումը Երուսաղեմի հայկական պատրիարքարանի և այլ քրիստոնեական եկեղեցիների վրա՝ դրանք համայնքային հարկով հարկելու նպատակով: Այս մասին ասվում է պատրիարքարանի՝ որոշումը վերանայելու խնդրանքով դիմումում, որը հրապարակվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ցանկանում են համայնքային հարկով հարկել: Դեռևս փետրվարին Երուսաղեմի քաղաքապետարանը պատրիարքարանին մեղադրել էր 1994 թվականից ի վեր իբր կուտակված հարկերը չվճարելու մեջ և այժմ ձգտում է բռնագրավել այն գույքը, որը դարեր շարունակ պատկանել է Հայ Առաքելական եկեղեցու թեմին:
Այդ ժամանակ էլ իշխանությունները պատրիարքարանին տեղեկացրել են, որ հարկման հարցով դատական լսումներ չեն անցկացվի։ Պատրիարքարանը նման քայլն ընդունել է որպես արտադատական կարգով հարցը լուծելու ցանկություն՝ 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների միջև ստեղծված հանձնաժողովի միջոցով:
Մինչդեռ իշխանությունները փոխելեն իրենց որոշումը և նոր լսումներ նշանակել սեպտեմբերի 29-ին։ Պատրիարքարանն արդեն հանրագիր Է ուղարկել իշխանություններին՝ խնդրելով չեղարկել այդ լսումները։
«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Պատրիարքարանը կոչ է անում հարկի վերաբերյալ քննարկումները շարունակել ոչ թե միակողմանի վարչական ճնշման, այլ նշված կոմիտեի միջոցով, ուստի կրկին կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Աբելին և նշված կոմիտեի ղեկավար Ցախի Հանեգբիին սառեցնել բոլոր դատավարությունները և շարունակել արտադատական երկխոսությունը քրիստոնեական եկեղեցիների իրավունքների պաշտպանության համար: