ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանն ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսություն և վստահության ամրապնդում է ակնկալում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումը կայացել է այսօր Պեկինի Ժողովրդական ժողովների տանը:
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը անկեղծ երկխոսություն կվարեն, կամրապնդեն վստահությունը և տարաձայնությունները կլուծեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև կնպաստեն չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների կայուն, առողջ և համաչափ զարգացմանը»,-հայտարարել է Հե Լիֆենը:
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ակտիվորեն փոխգործակցության ուղիներ կկառուցեն, կամրապնդեն երկխոսությունն ու շփումները, ինչպես նաև լավ դեր կխաղան երկու երկրների համատեղ զարգացման գործում:
Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը սկսվել է փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների ներմուծման դեմ 10 տոկոս մաքսատուրք սահմանեց: Մարտին այն հասավ 20 տոկոսի, այնուհետև, մի քանի փոխադարձ քայլերից հետո, չինական ապրանքների նկատմամբ Միացյալ Նահանգների մաքսատուրքը հասավ 145 տոկոսի, իսկ ՉԺՀ-ում ԱՄՆ-ից մատակարարների համար՝ 125 տոկոսի։ Հետագայում կողմերը պայմանավորվեցին առևտրային տուրքերը մայիսի 14-ից 90 օրով իջեցնել մինչև 10 տոկոս: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար 10 տոկոս սակագին գանձել, իսկ ԱՄՆ-ն չինական արտադրանքից գանձում է 30 տոկոս, քանի որ շարունակում է գործել 20 տոկոս «ֆենտանիլային» տուրքը: Գարնան վերջին - ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։