ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19–ը կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։
«Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության սկսվել է 2023 թ. սեպտեմբերի 19–ին։ Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Այդ նպատակով սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի` սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարն իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։