Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել․ Սամվել Շահրամանյան

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները 2023թ․ սեպտեմբերի 21-ին հանդիպել էին Եվլախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ 2023 թվականին Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Եվլախում մասնակցած մարդիկ որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել, այդ հանդիպումը կրում էր հումանիտար բնույթ»,- ասաց Շահրամանյանը՝ արձագանքելով այն մեղադրանքներին, թե Եվլախի հանդիպումով փակվել է Արցախի էջը։
Շահրամանյանը միաժամանակ ընդգծեց` ինքը ոչ միայն չի մասնակցել այդ հանդիպմանը, այլև երբևէ չի էլ եղել Եվլախում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Մինչ օրս մանրամասներ հայտնի չեն այն մասին, թե ինչ է խոսվել կամ ինչ բանակցություններ անցկացվել 2023թ․ սեպտեմբերի 21-ին Եվլախում, երբ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։