ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, որ անդամակցի «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Այսօր «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կուսակցություն ձևավորելու որոշում է կայացվել։ Համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 21–ին։
«Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ, և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ»,- գրել է Մանուկյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իր ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր քաղաքացիներին, որոնք այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ պայքարի առաջնագծում:
Մանուկյանը շեշտել է՝ ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
Ըստ «Հայաստան» դաշինքի ցուցակի` հաջորդը Հայկ Խալաթյանն է, սակայն նա որոշել է հրաժարվել մանդատից։
«Երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիաոլորտում որպես խմբագիր և լրագրող։ Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները` գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Խալաթյանն ընդգծել է, որ շարունակելու է իր քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու է «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։
Արեգնազ Մանուկյանին ամենայն հավանականությամբ կփոխարինի Պետրոս Մեղրյանը, որը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը։