ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս գրառումն է արել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։
«2023 թ. սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11–ը` քաղաքացիական անձինք: Այս պահի դրությամբ 11 անձ համարվում է անհետ կորած: Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են, և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում»,– գրել է պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Այս գագաթնաժողովին հետևեց արցախյան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:
«Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին»,– եզրափակել է Աբրահամյանը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։