Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Մյուս քաղաքացիներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում շաուրմա ուտելուց հետո սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց դիմած 12 քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մյուսները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
«Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք բժիշկների հսկողության տակ են»,- հայտնեցին գերատեսչությունից։
Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գործող սննդի կետերից մեկում սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։
ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:
Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է։