ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնի չէ փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Նա այս մասին հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Սուրեն Թովմասյանի հրահանգով մի տղամարդու են ծեծի ենթարկել։ Դրանից հետո նաև ԶԼՄ-ները գրեցին, թե ծեծի ենթարկված տղամարդու կնոջ խոսքով՝ իր ամուսնուն 40-50 հոգով ծեծել են Թովմասյանի պատվերով։ Պատճառը եղել է այն, որ կնոջն ազատել են Կադաստրի կոմիտեում աշխատանքից, որից հետո ամուսինը վրդովված հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկել Թովմասյանին։
«Այդ և բոլոր այն դեպքերը, որոնք հստակ ունեն քրեական գնահատական, պատասխանատուները պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն։ Սա երբեք քննարկման առարկա չի եղել և չի լինելու 2018թ․ հեղափոխությունից ի վեր»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորն են հավասար։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը ևս հերքեց տեղեկությունները, թե իր, կոմիտեի գլխավոր քարտուղարի կամ էլ իրենց մերձավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Թեպետ հաստատեց, որ հայհոյանքներով sms ստացել է, սակայն ասաց` որևէ մեկին դրա մասին չի հայտնել։ Նշեց՝ մամուլից է տեղեկացել, որ առկա է քրեական վարույթ։
Ինչ վերաբերում է կնոջ՝ աշխատանքից ազատման պատճառներին, Թովմասյանը նշեց՝ քաղաքացիական ծառայողին հենց այնպես հնարավոր չէ ազատել, ծառայողական քննություն է կատարվել, որի արդյունքում էլ նման որոշում է կայացվել։