ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 300 մետր երկարությամբ 2025 FA22 աստերոիդը բարեհաջող անցել է Երկրի կողքով և հեռանում է մոլորակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«130x290 չափերով 2025 FA22 աստերոիդը, որն ընդգրկված է մոլորակի համար ամենավտանգավոր մարմինների ցանկում, այսօր՝ ժամը 10:41-ին (Երևանի ժամանակով` 11։41–ին), բարեհաջող անցել է Երկրի և Լուսնի կողքով նվազագույն գնահատված հեռավորության վրա և ներկայում հեռանում է մոլորակից», – ասել է Բոգաչովը։
Նա պատմել է, որ աստերոիդը հայտնաբերվել է այս տարվա մարտին և որոշ ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում Եվրոպական տիեզերական գործակալության պոտենցիալ վտանգավոր մարմինների ցանկում։ Գիտնականի խոսքով՝ նվազագույն մոտեցումից մեկ օր առաջ վտանգն արդեն զգալիորեն ցածր էր գնահատվում, բայց միանշանակ միայն հիմա կարելի է պնդել, որ մարմինը բավականաչափ հեռացել է և՛ Երկրից, և՛ Լուսնից։
Աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտ կվերադառնա 2026 թվականի օգոստոսի 20-ին, բայց 25 անգամ ավելի հեռու կլինի, քան հիմա է։ Բոգաչովը պատմել է, որ վտանգավոր մոտեցումներ են սպասվում 2089 թվականին և հատկապես 2173 թվականին, սակայն աստերոիդի ուղեծիրը դեռ կարող է փոխվել։