ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում գործող հանրային սննդի կետերից մեկում (հասցեն` Կոմիտասի 51) սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) հաղորդագրություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ։ Նրանք բոլորն էլ սնվել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող հանրային սննդի կետում։
ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:
Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես, չի եղել տաք ջուր, օդափոխության համակարգը եղել է կեղտոտ, շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել, սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման և այլն։
Սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։