ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իշխանություններից պահանջում է հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Զուրաբյանը իր ունեցած տեղեկություններն է հրապարակել` նշելով, որ իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է:
«Անամոթաբար խաբում են, որ իբր պլանը նախատեսում էր միայն 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ ԼԵռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քարվաճառի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ»,–գրում է նա։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` իշխանությունը պնդում է, թե այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ։
«Պնդում էին, թե 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր»,–գրում է նա:
Զուրաբյանը նաև հիշեցրել է, որ իշխանությունը պնդում էր, թե իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են: