ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նախկին ավագ, Սերբիայի հավաքականի անդամ Դեյան Միլովանովիչը մահացել է վետերանների խաղի ժամանակ՝ 41 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է բելգրադյան ակումբի կայքը։
Նախօրեին տեղի է ունեցել «Ցրվենա Զվեզդայի» և ՊԿԲ-ի վետերանների ընկերական հանդիպումը: 7-րդ րոպեին Միլովանովիչը գոլ է խփել. որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը պատրաստվում էր իրացնել անկյունային հարվածը, սակայն կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին:
Օպերատիվորեն ժամանած արտակարգ ծառայությունները չեն կարողացել գիտակցության բերել Միլովանովիչին, նա մահացել է կրկնակի ինֆարկտից։
Դեյան Միլովանովիչը «Ցրվենա Զվեզդայի» կազմում մասնակցել է 80 հանդիպման, 15 գոլի հեղինակ է: Երկու անգամ թիմի հետ դարձել է Սերբիայի չեմպիոն։ Կիսապաշտպանը հանդես է եկել նաև ֆրանսիական «Լանս»-ում, հունական «Պանիոնիս»-ում և սերբական «Վոժդովաց»-ում: Ֆուտբոլիստը նաև երկու անգամ խաղացել է Սերբիայի հավաքականի կազմում։