Լոնդոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Թրամփի այցի. տեսանյութ

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Լոնդոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Մեծ Բրիտանիա պետական ​​այցի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ցույցը կազմակերպել է Stop Trump Coalition–ը։ Մասնակիցները հավաքվել են Պորտլենդ փլեյս փողոցում` BBC-ի գլխամասի դիմաց՝ ձեռքերում պաստառներ, որոնք դժգոհություն են արտահայտում վարչապետ Կիր Սթարմերի՝ Թրամփին երկրորդ անգամ պաշտոնական այցով հրավիրելու որոշման դեմ։ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ ոչ մի օտարերկրյա քաղաքական առաջնորդ նման պատվի չի արժանացել։
Ցուցարարներից շատերը Պաղեստինի դրոշներ են պահում` կարգախոսներ հնչեցնելով ի աջակցություն Գազայի, և պահանջում են դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները։
Ցույցից հետո շարասյունը երթով անցել է Լոնդոնի կենտրոնական փողոցներով՝ Ռիջենթս սթրիթ, Օքսֆորդ սըրքս, Պիկադիլի սըրքս և Տրաֆալգարյան հրապարակ։ Ցուցարարները նախատեսում են երթն ավարտել խորհրդարանի հրապարակում՝ Վեստմինսթերյան պալատի առջև։ Զուգահեռ ցույց է տեղի ունենում Վինձորի ամրոցում, որտեղ Չարլզ III թագավորը հյուրընկալել է Թրամփի գլխավորած պատվիրակությանը։
Ընդդեմ Թրամփի այցի բողոքի ակցիան Լոնդոնում
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Այցի նախօրեին նա հոդված է հրապարակել «The Guardian»-ում՝ մեղադրելով Թրամփին և նրա շրջապատին նրանում, որ իրենք «արել են ավելին, քան որևէ մեկը աշխարհում ծայրահեղ աջակողմյան, պառակտիչ քաղաքականությունը խթանելու համար»։
Թերթը նշում է, որ իշխող Լեյբորիստական ​​կուսակցության ներկայացուցչի կողմից արված և հանրության կողմից արձագանք ստացած այս հայտարարությունները կարող են քաղաքական ռիսկեր ստեղծել վարչապետ Կիր Սթարմերի համար։ Նրա դիրքերն առանց այն էլ թուլացել են տեղակալ Անժելա Ռեյների հրաժարականի և ԱՄՆ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Պիտեր Մանդելսոնի հրաժարականի հետ կապված սկանդալների պատճառով։