ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Արարատի ուրվագիծը կնիքից հանելու որոշման վերաբերյալ իշխանությունների արդարացումները համոզիչ չեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Կարծում եմ՝ ավելի անկեղծ կլինեին, եթե ասեին, որ դա անում են ինքնագրաքննության շրջանակներում։ Մենք գիտենք, տեսնում ենք, որ մինչ օրս Թուրքիան նման պահանջ չի ներկայացրել Հայաստանին։ Անկախության հռչակումից սկսած մինչ օրս ՀՀ–ն անդամակցում է տարբեր միջազգային կառույցների, որտեղ Թուրքիան արդեն անդամ էր, և կարող էր արգելափակել մեր անդամությունն այն հիմքով, որ, օրինակ, մեր զինանշանի վրա կա Արարատ լեռը, մեր կնիքների վրա կա Արարատ լեռը և այլն։ Բայց երբևէ նման բան չի եղել։ Սա իշխանություն ինքն իր կողմից քայլ է անում` մեր ինքնությունը վերափոխելու, որը ոչ մի կապ չունի հարաբերություն կարգավորելու հետ»,– նկատում է Մարուքյանը։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ` նոյեմբերի 1–ից Հայաստանի պետական սահմանը հատելիս հայ սահմանապահներն անձնագրերում դնելու են նոր նմուշի կնիք, որտեղ Արարատ լեռան ուրվագիծն այլևս չի լինելու։
Կասկածելի պատահականությամբ այս որոշումն ընդունվեց Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցի հենց նախորդ օրը։
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հաջորդ քայլով իշխանությունը փորձելու է զինանշանից հանել Արարատ լեռան պատկերը, և չի բացառում, որ հնչելու են մոտավորապես նույն արդարացումները, որոնցից, խոստովանում է` ապշած է։
«Չեն բացում, թող չբացեն, ինչո՞ւ եք գնացել աղաչում, որ էդ սահմանը բացեն, մի հատ էլ զիջումներ անեք։ Բայց ամեն դեպքում ես պնդում եմ, որ նման նախապայման չկա։ Կարո՞ղ են մի փաստաթուղթ ցույց տալ, որ Հայաստանը պարտավոր է Արարատ լեռը հանել իր բոլոր խորհրդանիշներից, չունենալ այլևս որպես սիմվոլ, որ սահմանը բացվի»,– նշում է Մարուքյանը։
Քաղաքական գործիչը շեշտում է, որ բազմաթիվ երկրներ ունեն իրենց ազգային սիմվոլիկան, որոնց թվում կան այնպիսիք, որ ներկա պահին գտնվում են այլ երկրների տարածքում, բայց դրա կիրառությունը չի նշանակում, թե այդ երկրները մյուսներից ինչ–որ տարածքային պահանջներ ունեն։
Հավելենք, որ մեկնաբանելով Արարատի ուրվագիծը կնիքից հանելու որոշումը` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հետևյալ զուգահեռն անցկացրեց. «Չպետք է տանդ պատին ունենաս նկար, որը հարևանի մոտ այլ էմոցիաներ կառաջացնի»։ «Քաղպայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղարն Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե ամեն բան արվում է, որ Հայաստանի վերաբերյալ տարընկալումներ չլինեն, և կիրառվող սիմվոլիզմը, կնիքները ելնեն բացառապես պետականության սկզբունքից։