ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Դրամական փոխանցումները կամ տրանսֆերտներն այլևս մեր տնտեսության համար էական գործոն չեն։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Եթե ժամանակին այն մեր ՀՆԱ–ի համեմատ, ըստ էության, երկնիշ թիվ էր ու մեծ երկնիշ էր, ապա մենք հիմա ունենք միանիշ ֆենոմեն։ Վերջին աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, ինչպես նաև տեսնելով մեր միգրանտների` այստեղ ու արտագնա աշխատանքում ստացած աշխատավարձերի փոքր տարբերությունները` հասկանում ենք, որ տրանսֆերտների գործոնը, որը ժամանակին մեր տնտեսության համար էական էր, այսօր արդեն այդքան էական չէ»,– հայտարարեց Գալստյանը` պատասխանելով հարցին` թե ինչու դրամական փոխանցումները տևական ժամանակ ԿԲ զեկույցներում չեն նշվում որպես պահանջարկի վրա ազդող տնտեսական գործոն։
Ըստ նրա` մենք ունենք բավականին նորմալ ֆինանսական հոսքեր, բացի այդ, մեր արտահանումն ու ներմուծումն իրենց ծավալով հիմա ավելի մեծ են, քան տրանսֆերտները։
Հիշեցնենք` Ռուսաստանը մշտապես եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը։ 2024 թվականին 2021 թվականի համեմատ դրանց ծավալն աճել է ավելի քան 4 անգամ՝ կազմելով մոտ 3 մլրդ 821 մլն դոլար։