ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել «The New York Times»-ի դեմ։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, նա հայտնել է իր Truth Social սոցցանցում։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ «իր համար մեծ պատիվ է զրպարտության և վարկաբեկման համար դատական հայց ներկայացնել «The New York Times»-ի դեմ», որին նա բնութագրել է որպես «ձախ արմատական Դեմոկրատական կուսակցության խոսափող» և երկրի «պատմության ամենավատ թերթերից» մեկը։
Թրամփի հայտարարության համաձայն՝ 15 մլրդ դոլարի դատական հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում։
Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է պարբերականին 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին` այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին բացահայտ աջակցելու և իրեն, ինչպես նաև իր ընտանիքի անդամներին և շրջապատին զրպարտելու մեջ։
Հուլիսին ամերիկյան CBS հեռուստաընկերությունը հայտարարեց «The Late Show»-ի փակման մասին, որի հաղորդավար Սթիվեն Քոլբերը ԱՄՆ երեկոյան հեռուստատեսության հատվածում նախագահ Դոնալդ Թրամփի ամենաակտիվ քննադատներից մեկն էր։