ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել։ Հայտարարության նախագիծը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։
«Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ–տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում` լրջագույն խնդիրներ առաջացնելով ՀՀ համար, վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան»,– ասված է հայտարարության մեջ:
ԱԺ կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության, ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.
1.
1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։2.
2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում։Խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։
«Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,– եզրափակել են խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։