Միքայել սրբազանի մեղադրական վճիռը կկայացնի նույն դատավորը. բացարկի միջնորդությունը մերժվեց

62-ամյա Աջապահյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում արդեն ավարտական փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Զոհրաբյանը պարզաբանեց, որ միջնորդությունը ներկայացնում է վերջին փուլում, քանի որ բացարկի հիմքը հայտնի է դարձել սեպտեմբերի 6-ին, երբ ստացել է դատավորի՝ սեպտեմբերի 2-ի որոշումը։
Նշենք, որ դատարանը սեպտեմբերի 2-ի նիստին բավարարել էր դատախազի համապատասխան միջնորդությունը՝ երկարաձգելու արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը մեկ ամսով։
Մեղադրող կողմը դեմ է միջնորդությանը։ Դատարանն էլ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ հիմքերը թույլ համարելով։
62-ամյա Աջապահյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում արդեն ավարտական փուլում է։ Այսօր կողմերը ճառերով են հանդես գալու, ապա դատավորը գնալու է վճիռ կայացնելու։
Հիշեցնեք, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Սրբազանը կալանավորվել է հունիսի 28–ին։