ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ հարց է ուղղել՝ ՌԴ-ում ՀՆԱ աճը, որը 7 ամսում կազմել է 1,1 %, բավարա՞ր է, թե՞ այլ տեմպեր են պետք:
«Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ հուլիսին համախառն ներքին արդյունքը տարեկան արտահայտությամբ ավելացրել է 0,4%–ով,, իսկ ընթացիկ տարվա 7 ամիսներին ՀՆԱ-ի աճը կազմել է 1,1%. հարց՝ դա բավարա՞ր է: Դա այն էր, ինչ մենք ուզո՞ւմ էինք: Մենք կարողանու՞մ ենք լուծել այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև։ Գուցե անհրաժեշտ են ինչ-որ այլ միջոցներ և ավելի բարձր տեմպեր», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է ծայրահեղությունների չդիմելու անհրաժեշտության մասին, որպեսզի չխաթարվի մակրոտնտեսական քաղաքականությունը։
«Դեռևս անցյալ տարի մենք ձեզ հետ խոսել ենք, քննարկել այն ամենը, ինչ ձևավորվում է մեր տնտեսության մեջ, խոսել ենք գնաճի դեմ պայքարի, մակրոտնտեսական կայունության ամրապնդման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Համաձայնել ենք, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսության «սառեցմանը», դրա, ինչպես այն ժամանակ ասում էինք, փափուկ վայրէջքին։ Նաև ընդհանուր կարծիքն այն էր, որ անհրաժեշտ է չդիմել ծայրահեղ քայլերի և մակրոտնտեսական քաղաքականությունը չխաթարել, տնտեսությունը «չսառեցնել»», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել է եռամյա բյուջեի նախապատրաստման հարցերը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հաջորդ եռամյա բյուջեն կոչված է լուծելու երկրի զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային հարցերը:
Նա ընդգծել է՝ ստվերի և հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցերը պետք է լինեն հատուկ ուշադրության գոտում: