ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Նեպալի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 3,7 հազար կալանավորի, որոնք փախել էին բանտերից անցած շաբաթ երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս մասին հայտնել է Նեպալի ոստիկանության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բինոդ Գիմիրեն։
Նա նշել է, որ միևնույն ժամանակ փախուստի դիմած 10 320 բանտարկյալներ մնում են ազատության մեջ, «ոստիկանությանը կոչ է անում հանրությանը զգոն լինել և բոլոր կասկածելիմարդկանց մասին ցանկացած տեղեկություն հաղորդել ոստիկանության մոտակա բաժին կամ անվտանգության ծառայություն»:
Գիմիրեն նշել է, որ փախած բանտարկյալներից մի քանիսը ձերբակալվել են հնդկական ոստիկանության կողմից սահմանը հատելու փորձի ժամանակ և հետագայում վերադարձվել: Մյուսները ձերբակալվել են Նեպալի բանակի, Նեպալի ոստիկանության և ոստիկանության զինված ուժերի կողմից:
Անցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանությունները արգելափակել էին մի շարք խոշոր սոցիալական ցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չէին գրանցվել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) կուսակցության ավագ կազմակերպիչ Խիտ Ռաջ Պանդին որոշումն անընդունելի էր համարել և զգուշացրել, որ սոցիալական ցանցերի փակումը կարող է երկրում քաոս ստեղծել:
Զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակցել են հիմնականում երիտասարդները և ԶԼՄ-ներում ստացելեն «Z սերնդի հեղափոխություն» անվանումը, Նեպալի մայրաքաղաքում սկսվել են սեպտեմբերի 8-ին և տարածվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով 22 ցուցարար է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել: