Ծանր էր ընդունելը․ Էլինա Ավանեսյանը անհամբեր սպասում է առողջացած մեծ սպորտ վերադառնալուն

Մարզուհին հույս է հայտնել, որ սա պարզապես մի փուլ է իր կյանքում, որն արագորեն կհաղթահարի ու կվերադառնա առանց ցավի և ուժեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որի մոտ այս տարվա մարտին ախտորոշվել էր մոնոնուկլեոզ հիվանդություն, «Ինստագրամի» իր էջի «stories» բաժնում հայտնել է, որ անհամբեր սպասում է առողջացած վիճակում մեծ սպորտ վերադառնալուն։
«Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու և մրցելու առանց ցավի, առողջ և ուժեղ, ինչպես երբևէ»,- նշել է Ավանեսյանը։
23–ամյա թենիսիստուհին պատմել է հիվանդության մասին, որի պատճառով կյանքի բարդ շրջան է ապրել։

«Ես սկսեցի անընդհատ հոգնածություն զգալ, էներգիա չունեի և նույնիսկ պարզ պարապմունքները դժվար էին ինձ համար։ Սա հատկապես դժվար էր ընդունել, որովհետև տարվա առաջին ամիսները շատ հաջող էին։ Ես մրցում էի բարձր մակարդակով, ինձ հրաշալի մարզավիճակում էի զգում և իսկապես վայելում էի իմ թենիսը։ Դրանից հետո լինել այսքան թույլ և չկարողանալ ներկայանալ` աննկարագրելի հիասթափեցնող էր»,- գրել է Ավանեսյանը։

Նա նշում է՝ մրցել, երբ թենիսի կորտում քեզ քո նման չես զգում, իսկապես դժվար է։ Ասում է, որ ամենից շատ կարոտում է իր լավագույն մարզավիճակում լինելն ու խաղալն այնպես, ինչպես ինքն է կարողանում։ Դա այն է, ինչ իրեն ուժ է տալիս անցնել այս ամենի միջով։
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունեմ. Էլինա Ավանեսյան
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ Համոզմունք է հայտնել, որ սա պարզապես մի շրջան է իր կյանքում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Երևանում Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս էր ունեցել, որի ժամանակ խոսել էր իր հիվանդության մասին՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչի մասին է։ Նա հայտարարել էր՝ անելու է ամեն ինչ, որ 2026 թ.-ը սկսի 100 տոկոս կարողությամբ ու առողջությամբ։ Ավանեսյանը չէր հերքել նաև, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունի:
Օրերս Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակեց համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել էր 1 կետով ու 104-րդն է։
Իմ սրտում իմ ընտանիքն է ու թենիսը. ինչո՞ւ է Էլինա Ավանեսյանը վերադարձել հայրենիք