Խաչվերաց տոնին ընդառաջ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Պատարագիչը եղել է Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Արդեն 13-րդ տարին է՝ Խաչվերացի տոնի նախորդ կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից։ Այս անգամ պատարագիչը Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն էր, նախագահում էր Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Պոլսո պատրիարքարանը չի պայքարում, կամ երբ հայերը կկարողանան լիիրավ աղոթել Աղթամարի վանքում
Պատարագից հետո կատարվել է անդաստանի կարգ, օրհնվել են աշխարհի չորս կողմերը, հայոց հայրապետությունը, քրիստոնյա թագավորություններն ու իշխանությունները, վանքերն ու անապատները, քաղաքներն ու գյուղերը, դրանց բնակիչները, աղոթել են պտղաբերության և խաղաղության համար։
Նշվում է, որ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ բազմաթիվ ուխտավորներ են եղել։ Նրանց ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում՝ Պոլսո հայոց պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո, որից հետո այցելել են պատմական հայկական բնակավայրեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը եկեղեցու վերակառուցումից հետո այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Սուրբ խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։
Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, մասնակցում են թուրք պաշտոնյաներ