ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի վերաբացման արարողությունը։ Հուշարձանը վերջերս է վերականգնվել։
Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանը Ֆանտան գյուղում
© Sputnik / Aram Nersesyan
Հանդիսավոր արարողությանը ներկա ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց՝ թեպետ Մեծ Հայրենականում և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակից անցել է 80 տարի, բայց տասնամյակների հեռավորությունն այդ հաղթանակի նշանակությունը չի խամրեցրել։ Ավելին՝ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ավելի տեսանելի են դարձնում այդ պատմական ձեռքբերման կարևորությունը։
«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը և՛ հիշողություն է, և՛ դաս, որ մենք պարտավոր ենք պահպանել և հարգանքի տուրք մատուցել մեր պապերին, նախապապերին, որոնք աննկարագրելի զոհողությունների, անձնազոհության գնով դիմագրավեցին մարդկությանը սպառնացող չարիքին՝ նացիզմին, ֆաշիզմին, ռազմամոլությանը»,- ասաց դեսպան Կոպիրիկինը։
Սերգեյ Կոպիրկին
© Sputnik / Aram Nersesyan
Նա ընդգծեց, որ, օրինակ, Ֆանտան գյուղից պատերազմ է գնացել 600 մարդ, որից միայն 300-ն է վերադարձել, այսինքն՝ նույն հարաբերակցությունն է, ինչ և ամբողջ Խորհրդային Հայաստանի դեպքում է՝ մոտ 600 հազար մասնակից, որից գրեթե 300 հազարը ռազմաճակատից չվերադարձան։
Դեսպանը շեշտեց՝ այս պատերազմում ձեռք բերված հաղթանակի գինը չափազանց բարձր է եղել, և նախկին ԽՍՀՄ պետություններում երևի թե չկա մի ընտանիք, որին պատերազմը չի առնչվել։
Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի վերաբացումը Ֆանտան գյուղում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր ժողովուրդները միասնաբար, մեկ ընտանիքի պես հասել են այս հաղթանակին ռազմաճակատում, թիկունքում։ Մենք իրավունք չունենք դա մոռանալու։ Դա մեր բարոյական պարտքն է մեր նախնիների նկատմամբ»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ այսօր պարբերաբար ականատես ենք լինում պատմական իրադարձություններն ու դրանց նշանակությունը վերախմբագրելու, նսեմացնելու փորձերին, այն ուժերը, որոնք տասնամյակներ առաջ սանձազերծեցին պատերազմը, կրկին գլուխ են բարձրացնում, ուստի այսօր միասնական այս հաղթանակն ու պայքարը վերարժևորվում են։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
© Sputnik / Aram Nersesyan
Դեսպանը ցավով հիշեցրեց, որ նոսրանում են այն մարդկանց շարքերը, որոնք պատմական իրադարձությունների մասնակիցն ու անմիջական ականատեսն են դարձել, միաժամանակ, կարևորեց, որ երիտասարդներն են ստանձնում հիշողությունները պահպանելու ու թարմացնելու պատասխանատվությունը։
Սերգեյ Կոպիրկինն ուրախությամբ ընդգծեց, որ այս հուշարձանի վերականգնման նախաձեռնողներն ու իրականացնողները ևս երիտասարդներն են։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Ֆանտան գյուղում վերաբացված հուշարձանի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ հուշարձանի վերականգնումն իրականացվել է «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի կողմից: