ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ «Թրամփի ուղու» վրա գործելու է ՀՀ մաքսային ծառայությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,– ընդգծեց Հակոբյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։