ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Մինչև տարեվերջ ԱԺ իշխող խմբակցությունը հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ կներկայացնի։ Այդ մասին այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Մինչև տարեվերջ հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ կներկայացնենք, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնենք` հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացի»,– հայտարարեց նա։
Ըստ պատգամավորի` հատկապես հաշվի առնելով, որ այդ 500 հազարի մեջ մտնելու են նաև թոշակառուները, իշխող խմբակցությունը պետք է այնպիսի լուծում առաջարկի, որ նրանց համար ավելորդ բարդություններ չլինեն։
«Իմ կարծիքով` այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից»,– հայտարարեց Թունյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս տարվա նոյեմբերի 1–ից այն անձինք, որոնք չեն ունենա նույնականացման քարտ` անձնագրային բաժինների ծանրաբեռնվածության պատճառով, կոնկրետ այդ մարդկանց համար տուգանք չի նախատեսվի ու նրանց համար հայտարարագիր լրացնելու ժամկետը կերկարաձգվի։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։