ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Այս պահին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը, որից հետո պարզ կլինի, թե երբ և ինչ ձևաչափով կարող է զեկույցը ներկայացվել։
Լրագրողը հետաքրքվել էր, թե երբ է զեկույցը խորհրդարանում քննարկվելու, և դրա որ մասը բաց կլինի հանրության համար։
«Հիմա ես ուսումնասիրում եմ էդ տեխնիկական գործընթացները, և մոտ ապագայում դուք դրա մասին կիմանաք։ Հիմա որևիցե բան չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրման փուլում է։ Մի հատ իրավական առումով նայում ենք, թե ձեր հարցերի պատասխանները ոնց պետք է տանք, նոր կիմանաք»,- ասաց Սիմոնյանը։
Հավելեց, որ այս պահին չի կարող ասել, թե արդյոք զեկույցը կներկայացվի՞ առաջիկա լիագումար նիստում, թե՞ ոչ, քանի որ գործընթացը կազմակերպելու հարցերով են զբաղված։ Ասաց` հենց որոշում լինի, կհայտնեն այդ մասին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։