Խոշոր չափի համակարգչային հափշտակություն Հայաստանում. մեկ անձ կալանավորվել է

Խմբի անդամները հափշտակություն են կատարել 62 դրվագ գործողություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն խոշոր չափի համակարգչային հափշտակության դեպք է բացահայտել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ խմբի անդամները 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 40 դրվագ նույնաբնույթ գործողություններով համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել ուրիշի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 150 հազար դրամ:
«Խմբի անդամներից Վ.Պ.-ն 2022 թվականի փետրվարի 25-26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ ավելի քան 21 դրվագ գործողություններով ձեռք է բերել խոշոր չափերով՝ 1 մլն 960 հազար ՀՀ դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):
Կառավարությունը հավանություն տվեց կիբեռանվտանգության մասին նախագծին. ի՞նչ է այն ենթադրում
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Վ.Պ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: