Ինչպես մեղմել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի սրվող դեֆիցիտը. նոր օրինագիծ

Կառավարության ընդունած օրինագծով կսահմանափակվի ձկնաբուծարանների սպառումը, ինչը թույլ կտա տարեկան ավելի քան 340 խմ ջուր խնայել խմելու և ոռոգման կարիքների համար։
Sputnik
Արարատյան դաշտում ձկնաբուծարանների ջրօգտագործումը զգալիորեն կնվազեցվի։ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում և Ջրային օրենսգրքում այս և մի շարք այլ առաջարկություններ հուլիսի վերջին հավանության են արժանացել կառավարությունում, իսկ օրերս` նաև Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովում և կներկայացվեն ԱԺ լիագումար նիստին։
Վերջին 20 տարում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի պաշարները կտրուկ նվազել են, և դրանց մակարդակը իջել է ավելի քան մեկ մետրով, ինչը դժվարացրել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։ Բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել:
Անհետացել են Սև ջուր գետի ակունքներում գտնվող և Զեյվա կոչվող աղբյուրները, որի պատճառով Հայկական ԱԷԿ–ն իր տեխնիկական ջրառը (հովացման համակարգի համար) այժմ իրականացնում է ոչ թե գետից, այլ հորատանցքերից։ Բացի այդ, հարյուրավոր հեկտար հողատարածքներ անպիտան են դարձել մշակության համար և կանգնած են անապատացման վտանգի առաջ։
Ինչպե՞ս է մեկ տարում փոխվել Սևանա լճի մակարդակը. օգոստոսի վերջին տվյալները

Նախևառաջ բնակչությանը

Օրինագծերում նշվում է, որ իրավիճակը շտկելու համար կառավարությունը պետք է գնահատի Արարատյան դաշտավայրում ջրի պահանջարկն ըստ ոլորտների, որից հետո բաշխումը կկատարվի ըստ գերակա ուղղությունների` խմելու և կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկ և միայն վերջում` ձկնաբուծական նպատակով։ Ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի ծավալը նախկին 1,1 միլիարդ խորանարդ մետրից կիջեցվի 926 մլն։
«Ընդ որում`, եթե բնակչության պահանջարկն ավելանա, այն կբավարարվի մյուս ոլորտների հաշվին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է ձկնաբուծարաններին, ապա, ըստ կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշման, նրանք 2024-ին պետք է անցնեին ջրի օգտագործման փակ շրջանառու համակարգի, որով կսպառեին 40%–ով պակաս ջուր։ Սակայն այս որոշումը բախվել է ձկնաբուծարանների դիմադրությանը։ Ուստի նախագծով առաջարկվել է ուղղակի սահմանափակել նրանց օգտագործվող ջրային ռեսուրսները։
«Հիմա մենք նրանց ջրօգտագործման թույլտվությունների ծավալները 40%–ով կկրճատենք, ինչը, նախնական գնահատականով, կօգնի խնայել տարեկան ավելի քան 340 մլն խորանարդ մետր ջուր», – ասաց Աբրահամյանը։
Թե արդյունքում որքանով կբարձրանա ջրի մակարդակը, կախված է նաև տիրազուրկ ինքնաշատրվանող հորերից։ Վերջին տարիներին մի շարք ձկնաբուծարաններ փակվել են, իսկ նրանց նախկին օգտագործած հորերը ջուր են բաց թողնում։ Աբրահամյանը նշեց` այդ հորերի կոնսերվացիան վարում է նախարարությունը, սակայն դրա համար նախատեսված տարեկան բյուջեն սահմանափակ է։

Գետերի ջրի մասին

Մեկ այլ փոփոխությամբ կհստակեցվի գետերի ծանրաբեռնվածության հաշվարկը` հիմքում դնելով ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցությունը ջրային ռեսուրսի վրա։ Նախկինում, եթե փոքր ՀԷԿ–ի խողովակները կազմում էին գետի երկարության 40%–ից ավելին, գետը համարվում էր գերբեռնված։ Այժմ հաշվարկի մեջ կներառվեն ջրօգտագործման բոլոր նպատակները։ Եվ եթե ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածությունը գերազանցի միջին շեմը, այդ դեպքում ջրօգտագործման թույլտվություններ չեն տրամադրվի։
Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան Ջրային կոմիտեն առաջարկում է նախագիծ, ըստ որի` տեխնիկական հնարավորությունների դեպքում բավարար մակերևութային ջրային ռեսուրս գետից կամ այլ ջրավազանից ջուրը կմղվի այլ գետերի ավազաններ` դրանց հոսքերի լրացման համար։ Այս գաղափարը ևս առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։