Հնդկաստանի ԱԳՆ–ն հայրենակիցներին հորդորում է առայժմ չմեկնել Նեպալ

ԱԳՆ–ն Նեպալում գտնվող հնդիկներին կոչ է արել հետևել տվյալ երկրի իշխանությունների և Կատմանդուում Հնդկաստանի դեսպանության կողմից տրվող անվտանգության խորհուրդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանի ԱԳՆ–ն հայրենակիցներին խորհուրդ է տվել հետաձգել Նեպալի ուղղությամբ ուղևորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նեպալում զարգացող իրավիճակով պայմանավորված` Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուղևորությունները հետաձգել այնքան ժամանակ, մինչև իրավիճակը կայունանա։ Հնդկաստանի այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Նեպալում, խորհուրդ է տրվում մնալ իրենց բնակության վայրում, խուսափել տնից դուրս գալուց և զգուշություն ցուցաբերել», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ն Նեպալում գտնվող հնդիկներին նաև խորհուրդ է տվել հետևել տվյալ երկրի իշխանությունների և Կատմանդուում Հնդկաստանի դեսպանության կողմից տրվող անվտանգության խորհուրդներին։
Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելեցին մի քանի խոշոր սոցցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Նեպալի կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) ավագ կուսակցական կազմակերպիչ Հիթ Ռաջ Պանդին հայտարարեց, որ որոշումն անընդունելի է, և զգուշացրեց, որ սոցցանցերի փակումը կարող է երկրում քաոս առաջացնել։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով մահացել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։
Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի արտգործնախարարին և նախկին վարչապետին