ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Պակիստանի կողմից Հայաստանի՝ «ՄԱԿ-ում ճանաչման» հարցը

ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է Պակիստանի հետ քննարկել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Պակիստանի կողմից Հայաստանի՝ «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում չկա, որովհետև Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով այսօր ՏԱՍՍ-ի հրապարակած հոդվածը։
ՏԱՍՍ-ը գրել էր, թե Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար։
«Արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- նշեց Բադալյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Հայաստանի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարները Չինաստանում կոմյունիկե են ստորագրել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Մինչ այդ Պակիստանը միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանը, ինչը անմիջականորեն կապված էր հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Երկար տարիներ Իսլամաբադը հետևողականորեն աջակցել է Բաքվին։