Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել

Սանոսյանի խոսքով` նշանակումը մի քանի օր առաջ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ Ամուլսարի հանքավայրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գնել Սանոսյանը։
«Հիմա վարչապետն այլ աշխատանք է վստահել, նշանակվել եմ վերջերս՝ մի քանի օր առաջ»,– ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Ընկերությունը 2019 թվականին հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023-ի փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Նույն օրը ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Գնել Սանոսյանը նախորդ տարվա նոյեմբերի 18-ին հրաժարվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, որը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։