ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանները տնային պայմաններում ապօրինի ոգելից խմիչքի շշալցման դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակչուհին տանը ապօրինի ոգելից խմիչք է պատրաստում։
Իրավապահները երեկ այցելել են նշված բնակարան, որտեղ 68-ամյա տանտիրուհին զբաղված է եղել ոգելից խմիչքների շշալցմամբ։ Սեղանին հայտնաբերվել են նաև ոգելից խմիչքների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև օղու դատարկ շշեր ու խցաններ:
68-ամյա կինը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, պահելու, առաքելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով։ Նա տեղափոխվել է բաժին, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: