Նեպալում ծավալված բողոքի ցույցերի ֆոնին բանակը սկսել է ուղղաթիռներով տարհանել նախարարներին։ Տեղեկությունը հայտնում է «Kathmandu Post» թերթը։
«Ամբողջ երկրում բողոքի ցույցերի սրացմանը զուգահեռ Նեպալի բանակը սկսել է նախարարներին ուղղաթիռներով տարհանել Բհայսեպատիի իրենց նստավայրերից։ Տարհանումը սկսվել է մի շարք պաշտոնյաների տների հրկիզումներից հետո», – գրում է թերթը։
Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակը ներգրավվել է նաև խորհրդարանի շենքի պաշտպանության գործում։ Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովվում է զորանոցներում։
Հայտնի է դարձել նաև, որ Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել։
Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելեցին մի քանի խոշոր սոցցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Նեպալի կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) ավագ կուսակցական կազմակերպիչ Հիթ Ռաջ Պանդին հայտարարեց, որ որոշումն անընդունելի է, և զգուշացրեց, որ սոցցանցերի փակումը կարող է երկրում քաոս առաջացնել։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով մահացել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։