Ընդդիմադիր կին պատգամավորները ՔՊ քարտուղարից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել

Կին պատգամավորները ԱԺ ղեկավարությունից նաև պահանջում են ձևավորել Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի իր հայտարարությունների համար։ Այս մասին այսօր հայտարարություն են տարածել ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները` ի պաշտպանություն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի։
Բանն այն է, որ այսօր ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին ՔՊ–ական պատգամավոր Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Թագուհի Թովմասյանի հասցեին` ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ 4 տունն իրեն որտեղից...»։
«Պետության համը պետք է մնա նրանց բերանում». Հովհաննիսյանը կրկնում է Փաշինյանին
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արեգնազ Մանուկյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արփինե Վարդանյանը, Զեմֆիրա Միրզոևան, Էլինար Վարդանյանը, Իրինա Գասպարյանը, Լիլիթ Գալստյանը և Քրիստինե Վարդանյանը։
Ընդդիմադիր կին պատգամավորներն անթույլատրելի են համարում և խստորեն դատապարտում են Հովհաննիսյանի պահվածքը:
«Սա ոչ միայն ԱԺ–ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականության դրսևորում և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ։ Այս իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան ու կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին»,– ընդգծել են նրանք։
Կին պատգամավորները նաև նշել են, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց պարբերաբար թիրախավորելը վերածվել է իշխող ուժի ներկայացուցիչների կրկնվող արատավոր գործելաոճի։
«Փաստ է նաև, որ իշխող ուժի ներկայացուցիչները հետևողականորեն իրականացնում են քաղաքական դիսկուրսը նսեմացնելու և արժեզրկելու քաղաքականություն՝ այն վերածելով վիրավորանքների ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շարանի։ Սա վտանգում է հանրային բանավեճի առողջությունը և ժողովրդավարության հիմքերը, ուստի պետք է արժանանա հանրային կտրուկ և միանշանակ արձագանքի»,– ասված է համատեղ հայտարարության մեջ։
Արթուր Հովհաննիսյանը սպառնում է պատռել սքեմի տակ թաքնված բոլոր սրբապիղծների դիմակները
Ընդդիմադիր պատգամավորները նաև հիշեցրել են, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։
Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում կնոջը թիրախավորող և նվաստացնող նման բառապաշարի կիրառումը՝ կին պատգամավորները պահանջում են նաև ԱԺ ղեկավարությունից հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում։