ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Աս մասին հայտարարություն է տաածել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը նաև մերժել է գլխավոր դատախազության բողոքը` կապված փողերի լվացման հիմնավոր կասկածի հետ։
«Ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» կալանավորելու որոշումները, որոնք կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։ Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ»,– նշել են պաշտպանության խորհրդից։
Խորհուրդը նաև ընդգծել է, որ հետևողականորեն շարունակելու են պայքարը հանուն արդարության՝ «Մեր ձևով»։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։