ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, ձերբակալվել է 1 անձ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն պարզ դարձավ, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 6–ին Երևանում կայացավ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, որտեղ մեր հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին։