Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 70 մարդ է մահացել, 320–ը` վիրավորվել

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 64 522-ի, վիրավորվել է 163 096 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Անցած օրվա ընթացքում գրեթե 70 զոհի դի և 320 վիրավոր է տեղափոխվել պաղեստինյան Գազայի հատվածի հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 67 զոհի դի (2-ը դուրս է բերվել փլատակներից) և 320 վիրավոր»,-ասված է նախարարության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 6 մարդ մահացել է սովից և թերսնուցումից, նրանցից 2-ը երեխաներ են: 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 64 522-ի, վիրավորվել է 163 096 մարդ, իսկ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր մահացել է 11 976, վիրավորվել` 51 055 մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: